Ֆրանսիայից ժամանած բժիշկների 1-ին թիմը վերադառնում է հայրենիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ:

Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը:

«Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը:

Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան:

 «Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ:

Նշենք, որ հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։

Բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով: 

   --0—ՄՀ