Արցախի պարետը հանդիպել է COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

պարետ

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին: 

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում պարետատան կողմից իրականացվող աշխատանքները, առաջացող խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները:   

Գրիգորի Մարտիրոսյանը կարևոր և պահանջված է համարել նման ձևաչափով հանդիպումները, ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու հարցում միայն առողջապահության ոլորտի և պարետատան աշխատանքները բավարար չեն:

«Առկա ռեսուրսները մոբիլիզացնելով և մեր հանրությանը հիմնավորված ազդակներ տալով՝ կարող ենք հասնել դրական արդյունքների: Կարևորում եմ նմանօրինակ նախաձեռնություններն ու ուրախ եմ հանդիպման համար, որովհետև այս պայքարի շրջանակներում հանդիպումների և մտքերի փոխանակության ձևաչափը առանցքային նշանակություն ունի ճիշտ մոտեցումներ և ռազմավարություն որդեգրելու տեսանկյունից» -նշել է պետական նախարարը:

Առանձին անդրադարձ է կատարվել արագ թեստերի արդյունավետության աստիճանին, մեկուսացման վայրերի պայմաններին, մեկուսացման պահանջը խստացնելու, կամավորներին անհրաժեշտ աշխատանքներում ներգրավվելու հարցերին:

պարետ

--00—ԼՄ