Հարավային Կորեայում սկսվել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Հարավային Կորեա

Հարավային Կորեայի առողջապահության նախարարությունը կարծում է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ փուլը: 

Այս երկիրը, որը հայտնի է կովիդ 19 հիվանդության դեմ ծավալած օրինակելի պայքարով, հայտարարում է, թե այդ պայքարը շարունակվելու է եւս մի քանի ամիս: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ ԲիԲիՍի կայանի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Չան Յուն Քյունգն ասել է, թե համաճարակի առաջին փուլն ավարտվել է ապրիլ ամսին: Սակայն մայիսին տեղ-տեղ գրանցվել են նոր դեպքեր, այդ թվում` մայրաքաղաք Սեուլի գիշերային ակումբներից մեկում գրանցված մեծ թվով դեպքերը:

Երկու այդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում դեպքերի գրանցումներն ամենօրյա կտրվածքով 1000-ից իջել էին զրոյի: Սակայն պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ անցած 24 ժամերի ընթացքում գրանցվել է նոր 17 դեպք:

Դոկտոր Չանի խոսքերով, վերջին այս զարգացումները թույլ են տալիս եզրակացնել, որ երկիրը թեւակոխում է համավարակի երկրորդ փուլը: Նրա խոսքերով, արդեն պարզ է, որ մայիսյան արձակուրդների ժամանակ է սկսվել վարակի երկրորդ փուլը:

Մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դաեջոն քաղաքն արդեն հայտարարել է հասարակական վայրերում հավաքներն արգելելու որոշման մասին: Խոսքը վերաբերում է նաեւ թանգարաններին ու գրադարաններին:

Սեուլի քաղաքագլուխը նույնպես ասել է, թե կարող են նորից ուժի մեջ մտցնել սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները, եթե եկող երեք օրերի ընթացքում ամենօրյա կտրվածքով հայտնաբերվի առնվազն 30 նոր դեպք:

Ասենք, որ Հարավային Կորեան խուսափել էր երկրում տնտեսությունը կանգնեցնելու քայլից, սակայն վստահել էր կամավոր կերպով սոցիալական հեռավորություն պահպանելու մարդկանց կամքին, ինչպես նաեւ կիրառել էր հիվանդության տարածման ուղղությունները գրանցող միջոցներ:

Այս հիվանդությունից 52 միլիոն ազգաբնակչություն ունեցող Հարավային Կորեայում մահացել է 280 մարդ: Հունվարի 20-ից ի վեր գրանցվել է 12 հազար դեպք: Այժմ այստեղ կա կորոնավիրուսի վարակակիր 1277 մարդ: 

--0—ՄՀ