Ո՞ր երկու քրգործերի շրջանակում է Դավիթ Խաժակյանը հարցաքննվել և ո՞վ է պատվիրատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 2 տարբեր քրգործերով պետք է ցուցմունք տա որպես վկա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Դավիթ Խաժակյանը:

Քրգործերից մեկի հետ կապված՝ Խաժակյանը նշեց, որ այս պահին պաշտոնական որևէ տեղեկություն չունի, միայն ենթադրում է, որ այն կարող է կապված լինել օրեր առաջ ԱԱԾ-ի դիմաց հայտնի հավաքի հետ, որին ինքն էլ է մասնակցել։

«Կա հարուցված քրեական գործ միջադեպի կազմակեպման մասին ու ինձ ներգրավել են, որ ի՞նչ հարցնեն, ես էլ չեմ հասկանում», - ասաց Խաժակյանը։

Մյուս քրգործը վերաբերում է «Լույս» խմբակցությանն ամրակցված մեքենային:

«Ինձ հանձնել են ծանուցագիրը, գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանն ամրակցված մեքենային, որն ունի վարորդ, իրականացնում է մեքենայի սպասարկումը, վարորդին վաղ առավոտյան բերել են քրեական վարչություն, հետագայում նաև իր կնոջն են այնտեղ հրավիրել», - ասաց Դավիթ Խաժակյանը, ապա հավելեց, որ իր վարորդին ասել են, որ ֆիկտիվ գրանցված վարորդ է։

«Իմ վերաբերյալ են սկսել հարցեր տալ, պարզապես ծիծաղս եկավ, որովհետև յուրաքանչյուր ամիս ինքը գնում է, ներկայանում է, փաստաթղթեր է ստորագրում, ուստի իր գործառույթների կատարման մասով ծիծաղելի է այն, ինչ անում են», - ասաց Դավիթ Խաժակյանը, ապա նաև տեղեկացրեց, որ մեքենան, որն ինքը վարում է, նկարահանել են, ձայնագրել են իր խոսակցությունները։

«Հիմա ինչ-որ բան են բռնել ու ուզում են ճնշում գործադրել», - ասաց Խաժակյանը՝ հիշեցնելով, որ վարորդը ԼՀԿ-ի հետ կապ չունի։

«Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել, հիմա էլ դա անում է ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ, ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն է, ով, երևում է, շատ է նեղվել հատկապես վերջին դեպքից հետո, երբ իր քավորի ու քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպերից հետո պարզվեց, որ կա որոշակի քրեական հանցակազմ ու հիմա եկել են ինձ ասում են՝ «մենք քեզ ամիսներ շարունակ հետևել ենք ու այ, այստեղ դու ինչ-որ բան այն չես արել»», - ասաց Խաժակյանը։

 

--00—ԼՄ