Եղբայրս մահացավ անսիրտ մոտեցումից. COVID-19-ից մահացած պրոֆեսորի քույր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

պատմաբան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի քույրը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղելացնելով, որ եղբայրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում մահացել է ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցման պատճառով:

«Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. եղբայրս` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից:

Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխանները արդեն ստացվել էին. եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները՝ նրան շտապ տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն: Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ՝ ինչի են սպասում: Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումը անմիջապես չեն սկսում:

Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին:

Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 ℅ ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը՝ բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց, և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք

Պարո՛ն վարչապետ, ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպես են ձեր ուշադրությունը «փոխանցում» հիվանդին…

Խնդրում եմ բոլորին տարածել, որպեսզի բոլորին հասնի, որպեսզի վարչապետին հասնի

Առո՛ղջ եղեք, հո՛գ տարեք ձեր հարազատների մասին և պահեք հիվանդության տարածման բոլոր կանխարգելման կանոնները…»,-գրել է պատմաբանի քույրը:

--00—ԼՄ