Վրաստանը բնական գազի 91,2 տոկոսը կստանա Ադրբեջանից, 7,8 տոկոսը՝ Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News     

Վրաստան

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան փոփոխություն է կատարել 2020 թվականի հաստատված գազի հաշվեկշռում: Փաստաթղթի նորացված տարբերակի համաձայն՝ Վրաստանում գազի մատակարարման կանխատեսվող ծավալը 2,562 միլիարդ խորանարդ մետր է:

Վրաստանը 2,338 միլիարդ խորանարդ մետր, այսինքն ընդհանուր ծավալի 91,2 տոկոսը կստանա Ադրբեջանից, այդ թվում՝ 1,453 միլիարդ խորանարդ մետրը SOCAR–ից, իսկ 884.298 միլիոն խորանարդ մետրը՝ Շահ Դենիզի հանքավայրից: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Ռուսաստանից ակնկալվում է ստանալ 200 միլիոն խորանարդ մետր գազ (7,8 տոկոս), իսկ տեղական արդյունահանման կանխատեսվող ծավալը 11,223 միլիոն խորանարդ մետր է (0,4 տոկոս):

Ինչ վերաբերում է սպառմանը, ապա 2020 թվականի սոցիալական գազի կանխատեսվող ծավալը 1,679 միլիարդ խորանարդ մետր է, այդ թվում բնակչության սպառումը կազմում է 1,088 միլիարդ խորանարդ մետր, ՋԷԿ-երի սպառումը՝ 590.703 միլիոն խորանարդ մետր:

Միևնույն ժամանակ, ըստ փաստաթղթի, մասնավոր հատվածի կանխատեսված սպառումը կազմում է 853,036 միլիոն խորանարդ մետր, իսկ գազի կորուստը հավանաբար 30.200 միլիոն խորանարդ մետր կկազմի:   --0—ՄՀ