Քաղաքական դաշտի մերկությունն ու ֆալստարտը. մեծ բախումից առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

Քոչարյան

«Ես լինում եմ մե՛րթ աղվես, մե՛րթ առյուծ: Կառավարման ամբողջ գաղտնիքն այն է, որ իմանաս՝ երբ պետք է լինես մեկը կամ մյուսը»:

Նապոլեոն Բոնապարտ

 

Իրադարձությունները իրավիճակ փոխելու միտում ունեն: 

ԲՀԿ ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելը, Քոչարյանին կալանքից ազատ արձակելը, հինգ միավորների միավորման շշուկները, Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուց հրաժարվելը, Սահմանադրական դատարանի թնջուկը և դատարանի կողմից «Multi Group» կոնցերնի սեփականատիրոջ համար կալանք պահանջող ԱԱԾ-ի միջնորդության մերժումը հուշում են, որ Հայաստանի համար նախատեսված սցենարները գործողությունների վերաճելու ընթացքի մեջ են: Խճանկարի (puzzle-ի տեսքով) առանձին կտորները, չերևացող, բայց ուրվագծվող ձեռքի տակ, միավորվում են` ի մի բերելով տեսարանը: 

Պատկերը գնալով ամբողջանում է, և գործող անձինք, իրենց բացահայտելով, առաջանում են: Իրոք որ ստվերից դուրս գալու ժամանակն է, քանի որ բախումը անխուսափելի է լինելու՝ Եվ դրա պատճառը ոչ թե պետության կառավարումը ստանձնած վարչակազմի հաջողություններն են, որոնք կարող են ռեգիոնալ հավասառակշռության մեջ դիսբալանս մտցնել՝ Հայաստանը առաջ մղելով, մյուսներին՝ հետ գցելով և անհանգստացնելով աշխարհաքաղաքական խոշորներին: Ամենևին: Հարցն այն է, որ փաշինյանական կառավարչակազմի օգտակար գործի համար անհրաժեշտ ընդունակությունն այսքանն է ու ոչ ավելին և արդեն իսկ սպառված, իսկ դրա հետևանքը պիտի լիներ մյուս ուժերի՝ ծածկույթից բաց դաշտ դուրս գալը, որոնց մի մասը տառապում է անհիմն ամբիցիաներով և լինելով թույլ՝ դրսի հզոր ձեռքին է ապավինում:  

Եթե անդրադառնանք Քոչարյանի կալանավորական կարգավիճակի ձևափոխմանը, ապա մոտիվը կարող էր լինել այն, որ էքս պրեզիդենտի դատավարությունն արդեն իսկ հանրության թիրախում չէր, և վերջինիս փաստաբանները անընդհատ ձգձգման փորձեր էին անում խափանման միջոցի փոփոխության պատրվակով, ու գործը չէր հասնում բուն նյութին: Այս խոչընդոտի վերացումով դատարանը կարող է արագ գնալ դեպի դատավճռի կայացում, իհարկե, եթե դրա տակ այս մարտավարությունն է դրված: Բարգավաճի ղեկավարին չկալանավորելն այլ համատեքստի դիտարկման առարկա է: Սակայն մինչ դրան անցնելը փաստենք, որ հակաարշավը այս պահին կոտրվեց, և չհասավ իր տրամաբանական ու սպասվող կետին: Ծառուկյանի ու ԲՀԿ-ի դեմ սկսված բլիցկրիգային ջախջախումը ստոպ տվեց, ինչը կբերի Նիկոլի ու նրա վարչավաշտի նկատմամբ թուլության ընկալման ավելացման: 

Իշխանության մեջ թուլություն հասկացողությունը մահվանից ավելի վտանգավոր է: 

Հաշվի առնելով Ծառուկյանի ոչ քաջ (մեղմ ասած) ու նահանջող տեսակը՝ հնարավոր է, որ կալանքը մերժվեց Փաշինյանի և նրա միջև ինչ-որ պայմանավորվածության արդյունքում: Դրա լավագույն արտահայտությունը կլիներ, եթե բարգավաճականների գլխավորը հրապարակայնորեն կապիտուլացվեր ու թողներ քաղաքական դաշտը վերջնականորեն՝ որպես վերջին չինական զգուշացման հետևանք: Բայց մենք հակառակը տեսանք, երբ դատարանից շողացող դեմքով դուրս եկող Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հետ չի կանգնելու իր ասածներից և շարունակելու է պայքարը: 

Երկու դատական՝ ոչ վերջնական ելքերի մեջ կարող է արտաքին գործոնի ազդեցություն լինել՝ զգուշացման կամ փոխհամաձայնության ձևով: 

Շրջադարձային տեսանկյունից շատ հնարավոր է, որ սա դատական ոլորտի հերթական հակազդեցություններից է, մի համակարգի, որը առավել հանգիստ ու սիստեմավորված դրսևորումներ ունի օրվա քաղաքական վարչարարների դեմ: Եթե մի խոսքով ամփոփենք նշված փաստերի կարծիքի բնորոշումը, ապա, անկախ ամեն ինչից, դա կլինի «անբաշարություն» բառով: Պետք է բացառիկ անբաշար լինել, որ, ունենալով փառահեղ սկիզբ, ձայների այդպիսի քանակ, մաքուր էջով ընթացք, և անընդհատ սոթ տալ ու սայթաքումներից եզրահանգումներ չանել՝ չտեսնելով, որ թավշյա բառադիությունը արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում: Սա հատուկ է միայն նրանց, ում վրայից շնորհը վերցված է, կամ ովքեր տառապում են կառավարման բացառիկ անընդունակությամբ՝ մարտնչող անկարողությամբ: Նման անհաջող շարունակությունը ՀՀ վարչապետին կբերի անձի հակասության պատմական գնահատականին՝ ընդիմադիր Նիկոլն ընդդեմ վարչապետ Փաշինյանի: 

Փաշինյանն իրոք բաց է թողել կարևոր քայլերի ու խորտակիչ հարվածների ժամանակն ու պահերը: Դրանով նա բաց է պահել այն արահետներն ու ճանապարհները, որոնցով, նախկին ռեժիմների հետ կապված, իր ընդդիմախոսները ներխուժում են: Սա մի առճակատում է, որը պետության համար անիմաստ է, քանի որ գաղափարազուրկ է, խիստ անձնավորված և ցածրակարգ: 

Փաշինյանի՝ Մոսկվա չգնալը կարող է դեմարշ լինել ռուսական իշխանության դեմ՝ ցույց տալու յուր դժգոհությունը՝ Հայաստանում ծավալվել փորձող ուժերին թիկնունք լինելու խոսակցության հետ կապված, ինչը որևէ դրական ազդեցություն չի թողնի, քանի որ Ռուսաստանը միջազգային հարաբերություններում այլ լեզվով ու տոնով է խոսում ու հասկանում: 

Եվ եթե վերցնենք իրավիճակը և հենց սկզբից դիտարկենք այն, ապա իշխանափոխականների ապաշնորհությունը հանցավոր բնույթ ունի: Գալով իշխանության «Nikol & Company»-ին՝ կա՛մ պետք է պայմանավորվեր ռեսուրսներ ունեցողների հետ, խաղի նոր կանոններ հաստատեր ու մնար այդ գծերից ներս, կա՛մ պատերազմ հայտարարելուց հետո ջարդեր բոլորին` վերացնելով նրանց ֆինանսական, մեդիա ու քաղաքական, կազմակերպչական կապիտալները: Նոր դրանից հետո կամ զուգահեռ իրավունք ուներ անցնելու նոր հասարակարգի հաստատմանը: Սա կլիներ և՛ հեղափոխական, և՛ արդար: Առանց Ավգյան ախոռները մաքրելու՝ գարշահոտ կենսատարածքում չես կարող մաքուր միջավայր ստեղծել: Եվ միայն զարմանալ կարելի է, թե ինչու Հրայրի (Թովմասյան) կամ Գագիկի (Ծառուկյան) հարցը չլուծվեց: Երբ երրորդ նախագահը հրաժարական տվեց, ում իշխանության մեջ ազդեցիկության առումով ոչ թե իրեն հավասար, այլ մոտիկ մեկը չկար, հրաժարական տվեց, ինչպես սլաքը թեքվեց Կարենի (Կարապետյան) դեմ, այնպես էլ պետք էր հրանոթային գնդակոծության տակ առնել Բարգավաճին ու դաշնակներին, որոնք, լինելով Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության տարիներին երկրորդական, երրորդական կցորդ միավորներ, առիթը բաց չէին թողնում՝ նավից թռնելու, պատասխանատվությունից կուրտիզանուհու ոճով խույս տալու և բեռի բարդությունը ՀՀԿ-ի վրա թողնելու: Եվ Նիկոլի սխալն էր, որ կես ճանապարհին կանգեց ու հեղափոխականներին ու ծառուկյանականներին չհավասարեցրեց հողին` որևէ շանս չթողնելով հետագա ռևանշի համար: Եվ եթե Նիկոլը մինչև 2018 թվականի մայիսի 8-ը անվրեպ էր գործում, վարչապետ (պետական գործիչ) ընտրվելուց հետո սխալներ թույլ տվեց և դանդաղկոտություն ու հապաղում դրսևորեց: Սա խորաթափանցության ու հեռահար հաշվարկի բացակայության արգասիք է: Փաշինյանին ու նրա ամբողջ թիմին պակասում է պետական մտածելակերպը, համակարգային մոտեցումը, ռեսուրսների կապիտալիզացումը, ինչը առաջացնում է մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ էֆեկտը: 

Հիմա արդեն տևական ժամանակ է, որ հանրությունը տանջվում է քաղաքական այս քաշքշուքի մեջ: Տեղեկատվական թույնը հոսում է երկրի երակներով, համաճարակը այրում է մթնոլորտը, տնտեսական ճգնաժամը անխուսափելիորեն մոտենում է, արտաքին ապիկար քաղաքականության պատճառով չկան պարտնյորներ, որոնք ձեռք կմեկնեն: Այս ֆոնի վրա վեր է հառնում պատերազմի վերսկսման վտանգը (համաճարակի թուլացումից հետո), և գույները մռայլվում են: 

Նիկոլը երկու քայլի հնարավորություն ունի՝ կատարել կադրային իրական փոփոխություններ և անցնել թիրախավորված ու կտրուկ, կոշտ հարվածային հարձակման: Կայծակնային այս քայլերը փաստի առաջ կկանգնեցնեն թե՛ դրսին, թե՛ ներսում և ժամանակ կտան գործող վարչապետին բարդագույն իրավիճակից դուրս գալու համար: Հակառակը փաստի առջև է կանգնեցնելու հենց Փաշինյանին: Թեկուզ իր դեմ ոչինչ էլ չձեռնարկվի, ձևով այս ընթացքը բերելու է կառավարման խորը ճգնաժամի, և անհրաժեշտ է լինելու զրոյացնել 2018 թվականի իշխանափոխությունը ու սկսել նորից: 

Ինչ վերաբերվում է այսօր ուրվագծվող ընդդիմադիր միավորին, ապա նրանք, չունենալով իշխանություն վերցնելու համապատասխան ընդհանուր որակներ, այն զինվորների դերում կլինեն, որոնք կխաղան ու կընկնեն՝ հասցնելով ինչ-որ վնաս տալ ղեկավարող վարչակազմին: 

Իրական խաղացողները դեռ չեն երևում: 

 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ