«Չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին». Վահե Գրիգորյանն այսուհետ կմասնակցի ՍԴ նիստերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

«Չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին»: Այս մասին ՍԴ-ի շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ապա հավելեց, որ այսօրվանից ինքը սկսելու է մասնակցել ՍԴ նիստերին:

Հարցին՝ ինքը բարեխղճորե՞ն է կատարել իր լիազորությունները, Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը հարցականի տակ էր:

«Այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց, և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն»,-ասաց Վահե Գրիգորյանը, ապա հավելեց, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է:

--00—ԼՄ