Նուբարաշենում հարմարեցված բանալիով մտել են քաղաքացու տուն, հափշտակել 20 հազար դոլար և ոսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

բանալի.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։ Այդ օրը՝ ժամը 17։00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու օգտագործմամբ բացել են նշված բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից և մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Ըստ աղբյուրի՝ տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։ Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են, որ տուժածները բացակայել են տնից և իմացել նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։