Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

հասարակական

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Աբրահամ Մանուկյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` երեկ դատարանում Աբրահամ Մանուկյանի կալանքի հարցը քննելու ժամանակ ակնհայտ է եղել, որ դատավոր Ֆարխոյանը որեւէ կերպ դեմ չի գնա իրավապահներին եւ հատկապես ԱԱԾ-ին եւ կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը.  ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կկալանավորվի:

Եվ ահա, քիչ առաջ փաստաբան Հրանտ Անանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը, և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

--0--ԿԿ