Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին․ ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն իմիտացիոն բնույթի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

կորոնավիրուս

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը համակերպվել է կորոնովիրուսի հրեշավոր ներկայության հետ։

Ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն արդեն իսկ կրում են իմիտացիոն բնույթ, և ցավալի է, որ իշխանությունը չունի այս աղետը հաղթահարելու որևէ ռազմավարական միտք ու ծրագիր։

Ըստ էության, ամեն ինչ թողնված է Աստծո հույսին։

Սա տապալում է։ Ուզում եք մեղադրեք հասարակությանը, յուրաքանչյուրիս անհատապես, ի՛նչ ուզում եք՝ ասե՛ք, սա տապալում է։ Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։

Բայց ես հեռու եմ այն մտքից, որ սա պետք է մնա անհետևանք։

Ես պնդում եմ, պարո՛ն վարչապետ, որ կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռնեն», ավելի՛ն, այդ գլուխներն արդեն պետք «թռած» լինեին։

Ես պնդում եմ, որ Ձեր կառավարությունը հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող բոլոր սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման» մասին օրենքի ընդունումը, և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։

Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»։ 

--0--ԿԿ