Տավուշի մարզում տրակտորը շրջվել է. ՊՆ N զորամասում ծառայող եղբայրներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, որը տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակոտրի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարաները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանները, քանի որ պարզվել է, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

--0--ԿԿ