ՊԵԿ նախագահն այցելել է Հյուսիսային մաքսատուն-վարչություն, ապա նաև՝ Բավրայի մաքսակետ-բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

շամշյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների եւ գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների եւ սպասարկման բաժիններում: Այդ մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարեւորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին եւ քաղաքացիներին արագ եւ որակյալ ծառայությունների մատուցումը:

1

ՊԵԿ նախագահն այցելել է նաեւ Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձեւակերպումների  կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:

Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաեւ Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի եւ ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետեւել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձեւակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի,  բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից:

կորոնավիրուս

Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաեւ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետեւել իրականացվող աշխատանքներին: 

Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով:  Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր:

Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձեւակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:

կորոնավիրուս

Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով  իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը:

Նշենք, որ կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։

--00—ԼՄ