Զոհրաբ Մնացականյանի զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

ԱԳՆ

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: 

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։  

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: 

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր են փոխանակել Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կառուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների հետընդունման հարցերով համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հայտնել է, որ արժևորելով այդ ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել Հայաստանը ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետընդունման հարցերով համագործակցող երկրների ցանկում:

«Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակներում համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած ծրագրերը:

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:  

  --0—ՄՀ