«Լիդիան»-ը Ամուլսարի շահագործման նախապատրաստությունը սկսել է շան ձագերի սպանությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

հասարակական

Հունիսի 30-ին վաղ առավոտյան «Լիդիան» ընկերության անվտանգության զինված աշխատակիցները ներխուժել են Ամուլսարանի պաշտպանների պահակետ: Նրանք այնքան քամահրանքով են գործել այնտեղ գտնվողների հանդեպ, որ շտապելուց ճզմել են պահակետում ապրող շան երեք ձագերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել են կենդանիների պաշտպանները:

Բնապահպանները եւ Ամուլսարի շահագործման հակառակորդները նախօրեին հանդես էին եկել հայտարարությամբ՝ զինված ներխուժումը գնահատելով որպես ուժի ցուցադրում, իսկ զինված մարդկանց ներկայությունն անթույլատրելի: Որոշ տեղեկություններով՝ մոտ ժամանակում սպասվում է հանքավայրում աշխատանքների մեկնարկը, ինչի հետ էլ կապված են նման գործողությունները:

Միաժամանակ, երեք ձագերի սպանությունը մեկնաբանել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն: Այսօր լուսաբացին Ամուլսարի երկրորդ «պահակետ» են թափանցել զինված մարդիկ, որոնք ընկերության անվտանգության նոր աշխատակիցներն են: Եվ ահա, Ամուլսարի այս «ախրաննիկները» ճզմել են երեք ձագերի, որոնք ապրում էին պահակետում: Փոքրիկները ծնվել էին մի քանի ամիս առաջ, նրանք պատկերված են լուսանկարում»,- նշել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

«Անհրաժեշտ է անհապաղ քրեական գործ հարուցել, եւ ավտոռալիի սիրահար շումախերները-ախրաննիկները պետք է դատապարտվեն ՔՕ հոդվածի ամբողջ խստությամբ»,- շեշտել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի հետ համակարծիք են կենդանիների պաշտպանները։

հասարակական

--0--ԿԿ