Բալասանյանն ու Պապիկյանը մասնակցել են Գյումրու կառուցվող ճանապարհների հիմնարկեքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի՝ մասնակցելու «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարությունից։

Ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:

Նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի մասնակցությամբ հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում:

Միջոցառման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում Հայաստանում բարեկարգման աշխատանքներ են կատարվում սկսած 2018 թվականից․ «Այս տարի, բացի փողոցների ու մայթերի հիմանորոգման աշխատանքներից, մենք համագործակցում ենք նաև Զբոսաշրջության կոմիտեի հետ, որպեսզի ճիշտ օգտագործելով Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցները՝ վերակառուցենք ևս երկու ճանապարհային հատված։ Խոսքը վերաբերում է Վարդանանց և Ջիվանի հրապարակներին»։

Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է IDEA հիմնադրամի հետ վերակառուցել նաև Բարեկամության այգին։

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընդհանուր արժեքը 23.84 մլն. եվրո է, որից 15,4 մլն եվրոն ուղղվելու է փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, իսկ 6,5 մլն եվրոյով իրականացվելու են քաղաքի փողոցային լուսավորության ամբողջ ցանցի արդիականացման աշխատանքներ։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ և նպատակ ունի Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։

--00—ԼՄ