Ճաղերի ներսում կյանքին գույն հաղորդելուն օգնում է արվեստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

բնատ

«Век живи, век учись». այս կարգախոսով առաջնորդվելով՝ անազատության մեջ հայտնված անձինք նկարչություն, խեցեգործություն են սովորում՝ ցանկանալով հասկանալ, թե իրենք աշխարհին ինչ տեսանկյունից են նայում՝ գնդի՞, թե՞ քառակուսու:

Տարիների բացն այսօր կարողանում են լրացնել, հնարավորությունը տրվել է, իսկ ցանկությունը մեծ է, ուստի իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչները, կուբիզմն ու Սարյանի ստեղծած երանգներն այսօր դատապարտյալներից շատերի համար հույզերի արտահայտման միջոց են դարձել:

1

Հայաստանի Հանրապետությունում «Covid19»-ի մոլեգնումը չշրջանցեց որևէ ոլորտ՝ այս կամ այն չափով բոլոր կառույցները զգացին դրա ազդեցությունը, նույնիսկ փակ կառույցները, ինչպիսիք են քրեակատարողական հիմնարկները, որոշվեց՝ դատապարտյալների համար կազմակերպվող կրթական ծրագրերն այսուհետ իրականացվելու են առցանց եղանակով:

Ձևաչափը նորություն էր, տեխնիկական խնդիրներ ևս սպասվում էին, սակայն իրավախախտում կատարած անձանց հետ առցանց ուսուցումը թեև դժվարությամբ, բայց հաջողվեց իրականացնել:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հետ առցանց խեցեգործության և նկարչության դասընթացների ընթացքում հասկանալի դարձավ, որ մատերի արանքներում երբևէ վրձնի պարը չզգացած դատապարտներից շատերը բացահայտեցին՝ նկարչությունն օգնում է ինքնաճանաչման, ինչպես նաև կյանքը վերաիմաստավորելու և նոր գույներ հաղորդելու գործում, իսկ խեցեգործությունը կօգնի ազատության մեջ նոր աշխատանքով զբաղվել:

Խեցեգործության դասընթացին մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ են տալիս այս դասերը, դատապարտյալ Մ.-ն նշեց՝ մասնակցում է գիտելիքով զինվելու համար. «Մի օր դուրս եմ գալու, հո սաղ կյանք ստե՞ղ չեմ մնալու, թղթի կտորի համար չեմ գալիս, եթե էդ թուղթն էլ, չտան դա հետաքրքիր չի, բայց որ թուղթ են տալիս, իրանց ցավն էլ տանեմ»:

1

«Թղթի կտոր» ասվելով՝ դատապարտյալը նկատի ունի դասընթացին մասնակցելու հավաստագիրը, որը տրվում է իրավախախտում կատարած անձանց այն դեպքում, երբ մասնակցում են կրթական միջոցառումներին, իսկ մասնակցությունը հաշվի է առնվում և գնահատվում է պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում կամ նպաստում է պատժի կրման ձևի փոփոխմանը:

Դատապարտյալ Ն.-ն էլ նշեց, որ այդ գիտելիքները իրենք էլ իրենց հերթին ցանկանում են փոխանցել այլ անձանց. «Այս պահին ազատության մեջ չենք, բայց մի օր դուրս ենք գալու, հնարավորություն կլինի՞ հետո սովորելու, չգիտեմ, այսօր կա էդ հնարավորությունը: Կավի հետ աշխատանքի միջոցով կարողանում ենք արտահայտել մեր հույզերը, թե ինչ հուզական վիճակում ենք գտնվել, որ արել ենք էդ սխալն ու ընկել ստեղ»:

Նկարչության դասընթացին մասնակից դտապարտյալները նշում էին, որ արվեստն ուրիշ աշխարհ է, օգնում է ընդլայնել մտահորիզոնը. «Ամեն ինչին սկսում ես հանճարների աչքերով նայել Տիցիանի, Մոնեի, Մանեի, Լիանարդոյի»,- ասաց Ն.-ն:

Նկարչության զարգացումներերի մասին ստացած գիտելիքներով հպարտությամբ խոսելով՝ վերջինս նաև նշեց, որ մինչ առցանց դասաժամն սկսելը բախտակիցների հետ նայել են Վան Գոգի նկարներից մեկը, որը գնահատվել է 75 միլիոն դոլար, ապա նաև քննարկել, թե ինչ է կուբիզմը:

Ըստ դատապարտյալների՝ արվեստի մասին զրույցներ են ծավալվում նաև զբոսանքների ընթացքում, խոսում են, գիտելիքներով փոխանակվում:

1

Անդրադառնալով առցանց կրթությանը՝ դատապարտյալները նշեցին, որ տեխնիկական դժվարությունների են բախվում մասնավորապես, երբ նկարելու կամ քանդակելու ընթացքում որևէ սխալ են թույլ տալիս, ըստ իրենց՝ առցանց եղանակով այդ ամենն ուղղել դժվար է:

«Ինչ Լա Սկալայում նստես, վիրտուոզին լսես ու զգաս, ինչ սենց լսես»,- ասաց Ն.-ն:

Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը իրականացվում է «Արմավիր», «Աբովյան», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում:

Մեզ հետ զրույցում Կենտրոնի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տնօրենի տեղակալ Գայանե Հովհակիմյանը նշեց, որ ծրագրի շրջանակում «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվում է խեցեգործության, գծանկարի, զարդակիրառական արվեստի, վիտրաժի, մանրանկարչության, բատիկայի, հայոց լեզվի, գրականության, անգլերենի, ռուսերենի, բիզնես գրագիտության և համակարգչային հմտությունների դասաժամեր: «Աբովյան» ՔԿՀ-ում՝ վիտրաժի, խեցեգործության, բատիկայի, համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտության և անգլերենի: «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ խեցեգործության, գծանկարի, զարդակիրառական արվեստի, բիզնես գրագիտության, անգլերենի, համակարգչային հմտությունների, հայոց լեզվի և գրականության դասաժամեր: Այս նույն դասընթացներն էլ անցկացվում են նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում:

1

Իսկ թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում մասնակից դատապարտյալները և խմբում քանի՞ դատապարտյալ է ներառված, Գայանե Հովհակիմյանը նշեց. «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթության ծրագիրն իրականացվում է մոդուլներով։ Յուրաքանչյուր մոդուլում ներառված է երեք դասընթաց, տևողությունը՝ 240 ակադեմիական ժամ, որի ավարտին տրվում է հավաստագիր»։

Յուրաքանչյուր տարի դատապարտյալները դիմում են ներկայացնում իրենց նախընտրած դասընթացներին մասնակցության համար՝ կամավորության սկզբունքով: Քրեակատարողական հիմնարկներում կազմվում են ուսումնական խմբերը, իսկ յուրաքանչյուր խմբում կարող է ընդգրկվել նվազագույնը 2, առավելագույնը՝ 10-ը մասնակից:

Դատապարտյալներին դասավանդող դեկորատիվ կիրառական արվեստի դասախոս Հասմիկ Հովհաննիսյանի նշում է. «Դատապարտյալների նկարներում հիմնականում արտացոլվում են անձի հուզական կողմերը։ Նկարների միջոցով տեսանելի է դառնում անձի հոգևոր, զգայական, տեսողական ընկալումները։ Հաճախ են դատապարտյալները գույները նմանեցնում ինչ-որ առարկաների կամ երևույթների, որը թույլ է տալիս բացահայտել՝ ինչպիսի՞ հուզական գոտում են գտնվում նրանք։ Յուրաքանչյուրի աշխատանքը գնահատում և ներկայացնում ենք յուրովի»։

Ըստ դասախոսի ևս՝ առցանց դասերը դժվարություններ են ստեղծել, սակայն կարողացել են իրենց ասելիքը հասցնել և նույնը ստանալ: Փորձել են քննարկումների, հարց ու պատասխանի, տեսական գիտելիքների միջոցով ամրապնդել մինիմալը։ Արվեստի միջոցով բացահայտել դատապարտյալիների աշխարհը։

Իսկ թե ինչպիսի՞ գույներ է ընտրում անազատության մեջ հայտնված անձը դասախոսը նշում է. «Դատապարտյալները յուրովի մոտեցում ունեն։ Հիմնականում ընտրում են վառ գույներ, վառ գույների միջոցով ներկայցնում իրենց ներաշխարհը։ Կան դատապարտյալներ, որոնք իսկապես կարողանում են ճիշտ գույներ ստանալ և դրանց խառնուրդից նոր գույներ ստեղծել։ Կան նաև դատապարտյալներ, որոնք գերադասում են մի քանի գույներ և տարբեր նկարների մեջ գերակշռում են այդ գույները»։

Հոգեբանի որակավորմամբ գլխավոր մասնագետ Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ ով առցանց դասերի ընթացքում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, անազատության մեջ հայտնված անձանց նկարներում արտացոլվում է նրանց հոգեվիճակը. «Գույների և պատկերների ընտրությունը շատ անհատական է, հաճախ հանդիպում են մուգ գույներ, շատերն են փորձում նկարել բնապատկերներ, տուն, երկինք, մարդիկ, ովքեր ինչ-որ դերակատարում են ունեցել իրենց կյանքում, ընտանիքի անդամներին, մանկության հիշողություններ և այլն»:

1

Նա նաև նշեց, որ հիմնականում հոգեբանական աշխատանքը տարվում է մասնակիցների մոտիվացիայի բարձրացման ուղղությամբ. «Դասընթացի ընթացքում հոգեբանական աշխատանքը նպատակ ունի լրացնելու արվեստի ուսուցման դասընթացին՝ նպաստելով մասնակիցների մոտ ինքնաճանաչման հմտությունների զարգացմանը, աշխարհայացքի և երևույթների ընկալման ընդլայնմանը, տարբեր տեսանկյուներից երևույթները դիտարկելուն: Հոգեբանության ներառումն անուղղակիորեն դասընթացին տալիս է նաև արտթերապևտիկ բնույթ՝ թողնելով դրական ազդեցություն անձի ապրումների, դիրքորոշումների, պատկերացումների և վարքի վրա: Ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցող անձինք նշում են, որ ավելի հանգիստ են, և ավելի լավ են քնում»:

Ըստ Գայանե Հովհակիմյանի՝ ՔԿՀ-ներում դասավանդելու համար բացի մասնագիտական կրթությունից, շատ կարևոր է կոմպետենտությունը և փորձառությունը, ինչը հաշվի է առնվում, ելնելով այն խնդրից, որ փակ հաստատություններում կրթության կազմակերպումն առավել բարդ և համակարգային աշխատանք է։

«Բոլոր դիմումատուների համար գործում են միևնույն պահանջները, յուրաքանչյուր դեպքում գնահատվում է դիմորդի կոմպետենտությունը նշված չափանիշների համատեքստում: Իսկ ծրագիրը շարունակական է»,-նշում է Գայանե Հովհակիմյանը:

Դասընթացներն ընդլայնելու նպատակով նախատեսվում է բոլոր ՔԿՀ-ներում դատապարտյալների կրթական կարիքների/խնդիրների գնահատում և վերհանում։

Հավելենք, որ, ըստ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի գործունեության նախատեսվում է, մինչ 2023 թ. դասընթացները հասանելի դարձնել բոլոր քրեակատարողական հիմնարկներում։

Էլեն Առաքելյան

--00—ԼՄ