Մանվելի եղբոր տղան կրակեց հորս վրա, տարան հիվանդանոց, ասացին՝ սիրտը կանգնել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

«Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը, 2 անգամ կրակել է հորս վրա, 20 րոպե հետո տարել են հիվանդանոց, սիրտը կանգնել է։ Ականատեսը պատմել է, որ կրակելուց հետո Հրանտ Գրիգորյանն արագ նստել է մեքենան ու գնացել», - այս մասին 24TV-ի եթերում պատմել է 26 տարի առաջ՝ 1994թվականի ապրիլի 16-ին, Էջմիածնում սպանված գործարար Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը։ 

Էդուարդ Պողոսյանը նշել է, որ հոր սպանությունից հետո փորձել են իրենց ընտանիքին համոզել, որպեսզի փակվի սպանության գործը։ Պողոսյանի խոսքով՝ սպանությունը կարող է կապված լինել հորը պատկանող մի հողատարածքի հետ, որը ներկայումս ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին է պատկանում։

«Մանվել Գրիգորյանը 2 անգամ եկել էր մեր տուն, պապիս ասաց՝ Զախարի՛չ, լավ մտածիր, կա՛մ բողոքը հետ եք վերցնում, կա՛մ Ձեր ցեղն առանց որձ կթողնենք։ Փորձում էին համոզել, որ գործը փակվի։ Էնքան արեցին, որ դատարանից բողոքը հետ վերցրինք, պապս ասաց՝ քանի շուտ է, գնացեք Հայաստանից», - պատմում է նախկին գործարարի որդին։ 

Էդուարդ Պողոսյանն այն կարծիքին է, որ իր հորը սպանողը պետք է պատիժ կրի, իսկ ինքը մինչև վերջ պայքարելու է, որպեսզի կարողանա հասնել արդարության։

--0--ԿԿ