Դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների գանգատին առ այն, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով և որ դա համավարակի ընթացքում սխալ է։

«Այսօր իմացա, որ իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Մասնավորապես նրանք նշել են, որ սխալ է համավարակի ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ հանձնաժողովն իր աշխատանքները կարող է սկսել միայն սեպտեմբերին:

Եթե դուք համոզված եք, որ սեպտեմբերին համավարակի ճգնաժամը հաղթահարված չի լինելու, ապա մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում:

Տարակուսելի ինքնախոստովանություն...»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հետևանքները վերացնելու կառավարության քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իրավունքի ուժող ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը կորոշվի սեպտեմբերին։

--0--ԱՀ