ԱԺ արտահերթ. ովքե՞ր են ռեյտինգայինի ռիսկի գնացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Կուսակցությունների և դաշինքների՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակով առաջադրումն արդեն մեկնարկել է։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի 4-րդ ընտրական  տարածքում։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան  էջում։ Թիվ 4 ընտրատարածքն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի համար 2 ընտրատարածքից, որը ներառում է Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանները: Այդ նույն տարածքից է առաջադրվելու նաեւ Մարգարիտ Եսայանը: 

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզում՝ թիվ 9 ընտրատեղամասում։ Այստեղց է առաջադրվելու նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը: Նրանցից յուրաքանչյուրը փորձելու է իր հարազատ քաղաքում՝ Վանաձորում եւ Ալավերդիում վստահության քվե շահել: 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ։ Նա պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ. նա էլ կառաջադրվի Աջափնյակ, Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջաններում:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:  Այդ ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, թեև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը բնակվում է Մայրաքաղաքի կենտրոնում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի թիվ 3 ընտրատեղամասում՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններից: Այստեղ են առաջադրվելու նաև Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտնել է,  որ առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատեղամասում (Նորք Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն):   

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Կոտայքի մարզում՝ համար 10 ընտրատարածքում:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նույնպես ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքներում: 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն, ամենայն հավանականությամբ, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, ինչպես նաև կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով՝ որպես ռեյտինգային թեկնածու Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներներում։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ևս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով` «Մենք» կուսակցությունների դաշինքով:

Նախարարների օրինակով ռեյտինգային ընտրակարգով իրենց թեկնածությունն առաջադրելու են նաև գործող մարզպետները:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ Շիրակի մարզում։ Նա նաև նշել է, որ կուսակցական չի եղել և չի լինելու։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առաջադրվելու է իր ղեկավարած մարզն ընդգրկող թիվը 10 ընտրատարածքում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին եւ կտևի մինչեւ դեկտեմբերի 7-ը: