Վստահեցրել են, որ ՀՀ-ում ԱՄՆ լաբորատորիաների գործունեությունը խաղաղ բնույթ կկրի. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News

Thumbnail

Կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրները, այդ թվում՝ բնական կամ դիտավորությամբ տարածված ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված ռիսկերի կառավարումը, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուս-հայկական երկխոսությունում: Անցած տարի Երևանում այդ թեմայի շուրջ անցկացվեցին երկկողմ խորհրդակցություններ, որոնց շրջանակում ռուսաստանյան փորձագետների համար կազմակերպվեցին այցելություններ ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված հաստատություններ: Երախտապարտ ենք հայկական կողմին այդ քայլի համար:

Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով Հայաստանի կողմից ռուսաստանցի մասնագետներին կենսաբանական լաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն տալու վերաբերյալ:

«Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ կարծիքների օգտակար փոխանակություն՝ կապված բիոանվտանգության եւ այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության հնարավոր ուղղությունների հետ: Մեզ վստահեցրել են, որ Պենտագոնի մասնակցությամբ կառուցված լաբորատորիաների բազայի հիման վրա իրականացվածը բացառապես խաղաղ բնույթ կկրի եւ կհամապատասխանի կենսաբանական ու տոքսիկ զենքի արգելման մասին կոնվենցիայի նորմերին: Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները՝ տրամադրված ենք բիոանվտանգության ոլորտում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան միջոցներով կառուցված կենսաբանական լաբորատորիաների գործունեության առիթով: Նման լաբորատորիաներ կան Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում եւ Հայաստանում:

Այդ երկրներից Հայաստանն առաջինն էր, որ թույլատրեց ռուսաստանցի մասնագետների մուտքը լաբորատորիաներ: