Հայաստանը դիտարկում է նոր սերնդի կործանիչներ ձեռք բերելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

«Գրիպենի» ստեղծողները, ինչպես նաև աշխարհի այլ արտադրողներ տարբեր ցուցահանդեսների ժամանակ Հայաստանին առաջարկել են իրենց արտադրանքը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Շվեդիայից JAS-39 Gripen կործանիչ ինքնաթիռներ գնելու մտադրությանը։

«Մենք շատ տարբերակներ ենք դիտարկում. ինչպես 4-րդ սերնդի ու 4+ սերնդի կործանիչներ, այնպես էլ նոր մեքենաներ՝ լինեն դրանք «Գրիպեն», «Ռաֆալ», Ֆ-16, Սու-30 թե Սու-35, բայց մենք մեզ համար ամենանախընտրելի տարբերակներն ունենք, որոնց ընտրությունը կայացվում է՝ հաշվի առնելով բազում հանգամանքներ: Կործանչի ընտրությունը պարզ բան չէ»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ «Ռեգնում» լրատվամիջոցը գրել էր, որ Շվեդիան Հայաստանին առաջարկել է գնել իր JAS-39 Gripen կործանիչ ինքնաթիռներ:

«Կոմերսանտն» էլ 2018 թվականի հունիսին հայտնել էր, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը. Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։