«Հյուսիս-հարավը»՝ Չինաստանի դեսպանի հետաքրքրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շինաշխատանքներին, որոնք իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

Նա նշել է, որ այդ հատվածում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են։

Խոսելով ծրագրի ժամկետների վերանայման մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ պետք է նախ լրացուցիչ ուժեր ներգրավել, աշխատանքի մեջ հաշվետվողականությունը բարձրացնել, և եթե բոլոր ջանքերը գործադրվեն, բայց ժամկետները պահպանել հնարավոր չլինի, կքննարկվի նաև վերջնաժամկետը խելամիտ չափով երկարաձգելու հարցը։

Դեսպանը նշել է, որ մշտապես պատրաստ է աջակցել աշխատանքային հարաբերություններում փոխըմբռնման հաստատմանը։

Թիան Էրլունը չինական կողմի անունից հետաքրքրվածություն է հայտնել նաև Տրանշ 4-ում մասնակցություն ունենալու վերաբերյալ` կլինի դա չինական ընկերության կողմից շինարարության իրականացումը, թե ֆինանսական մասնակցությունը` վարկային բարենպաստ պայմաններով։ Նա նշել է, որ չինական կողմը բաց է ցանկացած ձևաչափով գործակցության համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ։ Դեսպանն ընդգծել է, որ դրա հնարավորության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, զգալի մեծանա ուղևորահոսքը։

Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը  ներկայացրել է Բրյուսելում նոյեբերի 20-ին կայանալիք ««Pilot Project Expert Group meeting on Financing» խորագրով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության շրջանակները։ Նախատեսվում է դրա ընթացքում ներկայացնել Տրանշ 4-ի շինարարության ծրագիրը, և շատ դրական է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է ծրագրով։

Դեսպան Էրլունը կարևորել է Հայաստանի դերը` որպես Չինաստան-ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի հաստատման միջնորդ երկիր։ Դեսպանը նշել է նաև, որ ՏՏ ոլորտում համագործակցությունը ևս շատ հեռանկարային է, և դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ կան։

Հակոբ Արշակյանն էլ իր հերթին առաջարկել է ստեղծել մի հարթակ, որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի գործարարները, կծանոթանան և բիզնես կապեր կհաստատեն։ Նա նշել է, որ չնայած այս ոլորտում արտադրության ծավալները Չինաստանի հետ համեմատելի չեն, բայց մեր մասնագետների ուժը բարդ խնդիրների լուծումն է և Հայաստանում ներկայում բավական լուրջ նախագծեր են իրականացվում արհեստական բանականության, կիսահաղորդիչների թեստավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ առաջատար ուղղություններուվ։

Թիան Էրլունը հայտնեց, որ ամեն տարի աշնանը Շենժենում  էքսպո է անցկացվում, որը կարող է նման հարթակ դառնալ։ Դեսպանը կարևորեց ոչ միայն գործարար, այլև գիտական կապերը, հայ և չինացի գիտնակաների համագործակցությունն ու շփումները։