Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե ժողովրդի հույսերը չարդարանան․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀԿ-ն ապացուցել է իր վճռականությունն ու կամքը, ամրությունը՝ հարված և «ուդառ» պահելու։ Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ իշխանության փոփոխությունից հետո մթնոլորտի փոփոխություն է նկատվում, որը պայման է գործ անելու, բայց արդյոք մթնոլորտային փոփոխությունը չպե՞տք է փոխակերպվի աշխատանքի: 

«Եթե նման բան են թույլ տվել, եթե քաղաքական հիգիենայի պրոբլեմներ ունեն, ՀՀԿ-ն նման խնդիրներ չունի: Եթե պետք է ասեին՝ ժողովո՛ւրդ, պետք է մաքրենք 20 տարվա ախոռ, թող չխոստանային կենսաթոշակ, բարձր աշխատավարձ: Իրենք եկել են իշխանության այլ խոստումներով, բարդ խնդիրներին խոստացել են հեշտ լուծումներ, ասում էին՝ Սաշիկը 50/50 է, կարմիր գծերը հանելու ենք, բյուջեն ավելացնելու ենք, կենսամակարդակը կբարձրանա: Մենք գիտեինք, որ իրենք սուտ են ասում, ժողովուրդը մտածում էր, որ կա փրկիչ, բայց փրկիչ չկա, փրկիչը մի անգամ է եկել: Խորամանկություն է, որի արդյունքները մենք տեսնում ենք»,- ասել է Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ իշխանությունն արտահերթ ընտրությունները նշանակել է դեկտեմբերին, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարկանիշը օր օրի գահավիժում է: 

«Երկրի իրական պրոբլեմները որևէ կապ չունեն Փաշինյանի նախընտրական ճառաբանության հետ: Երևի, նոր է հասկացել՝ ինչ գործի է անցել: Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույս առաջացնել: Բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը չարդարացվեն: Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չապրի հուսաթափություն»,- ասել է Աշոտյանը: