Գաբրիել Ղազարյանը ընդունել է Միջազգային պարաալիմպիկ կոմիտեի նախագահին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 12, 24News

Thumbnail

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Միջազգային պարաալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսին:

Հանդիպման տնթացքում կողմերը քննարկել են պարաալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:

Նախարարի պաշտոնակատարը Փարսոնսին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաշմանդամների սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ:

Միջազգային պարաալիմպիկ կոմիտեի նախագահն անդրադարձել է Հայաստանի պարաալիմպիկ կոմիտեի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համագործակցությանը, ինչը, ըստ հյուրի,  հաջող իրականացվում է միջազգային կոմիտեների մակարդակով:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի պարաալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: