Արցախի նախագահը հանձնարարել է խիստ լինել պետապարատի աշխատողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Այդ մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը:

Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ, կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան որոշումներն ու ցուցումները:

--00—ԼՄ