Հույն հոգևորականները դատապարտել են Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Էրդողանի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

այա

Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմի այդ նախաձեռնությունը պարզապես խաղ է և իրականում Թուրքիան չի համարձակվի նման բան անել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Հունաստանի տարածքային հոգևոր առաջնորդներից՝ մետրոպոլիտներից որոշները ևս արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ձևավորված իրավիճակին։ Ռեթիմնոյի մետրոլոպիտ Եվգենիոսը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիան իրականում պետք է վերականգնի եկեղեցու իր կարգավիճակը։ Նա նաև հավելել է, որ իրենք աղոթում են, որպեսզի կառույցը շարունակի գործել որպես թանգարան։

Լանգադա շրջանի մետրոպոլիտ Իոաննեսը հետևյալ հայտարարությունն է արել․ «Մաղթում եմ, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործի Ղուրանի և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման նորմերին համապատասխան։ Ինչ նպատակով էլ որ Սուրբ Սոֆիան իր պատմության ընթացքում շահագործված լինի, այն միևնույնն է, եկեղեցի է մնում»։

Հույն հոգևորականներն ընդգծել են նաև, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դժգոհության մեծ ալիք կառաջացնի ողջ աշխարհի քրիստոնեական համայնքում։

Իսկ Հունաստանի Պելոպոնես թերակղզու Պատրաս քաղաքի եկեղեցիներից մեկում 4 ժամանոց պատարագ է մատուցվել, որպեսզի Սուրբ Սոֆիան չվերածվի մզկիթի։

--00—ԼՄ