Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ․ ԲԴԽ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

ԲԴԽ

Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առթիվ։

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն դատավորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։

Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա:

Դիտարկելով անցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝ հարկ է արձանագրել այն հսկայածավալ և գնահատելի աշխատանքը, որ կատարվել է դատարանի ձևավորման և նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձևավորման կարևորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով:

Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառ եռանդ և քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդին և պետությանը ծառայելու պատվաբեր գործում»։

--0—ՄՀ