Վարչապետի աշխատակազմին գումար հատկացվեց արբիտրաժային վեճում ՀՀ շահերը պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

վեճ

Կառավարությունը հուլիսի 9-ի նիստին որոշեց գումար հատկացնել վարչապետի աշխատակազմին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված ICSID No. ARB/18/28 արբիտրաժային վեճի շրջանակներում ՀՀ շահերը պաշտպանելու գործընթացի ապահովմամբ:

Մասնավորապես, վերոնշյալ արբիտրաժային վեճի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ ARB/18/28-2 պայմանագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1736-Ա որոշմամբ՝ Պայմանագրի մասով որպես պատվիրատու է սահմանվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

Որոշման ընդունումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և Ընկերության միջև բանակցություններ են ընթացել Պայմանագրով սահմանված էական պայման հանդիսացող մի շարք դրույթների առնչությամբ, որոնք ամրագրվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Ընկերության միջև կնքված եռակողմ համաձայնագրում։ Ի թիվս այլնի, որոշվել է մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել ըստ համաձայնեցրած ժամանակացույցի։ 

Ըստ եռակողմ համաձայնագրի Հավելված 2-ով սահմանված վճարման ժամանակացույցի՝ նախատեսվում է «Baker&McKenzie LLP» ընկերության կողմից մատուցվելիք ծառայությունների դիմաց 2020թ. ընթացքում ապահովել շուրջ 412,500 ԱՄՆ դոլարի չափով վճարում (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը)։

Հաշվի առնելով համաձայնագրի հիման վրա Կողմերի կողմից հաստատված վճարման ժամանակացույցը՝ 2020թ. ընթացքում Ընկերության կողմից փաստացի մատուցված ծառայությունների համար վճարումները ժամանակին ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել ընդհանուր 412,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը)։

Մեկ այլ որոշումով էլ՝ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 420,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Իրավաբանական-փաստաբանական ծառայությունների գնման անհրաժեշտությունը պայմանավորված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (նախկինում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության) և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW01 պայմանագրի շրջանակներում իսպանական դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության և պատշաճ պաշտպանության ապահովմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2020 թվականի մայիսի 7-ի թիվ 541-Ա հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգը և ձևավորվել է փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության թեկնածուի ընտրության գործընթացի անցկացման և արդյունքների ամփոփման հանձնաժողով։

Հունիսի 8-ին հեռակա (հարցման) կարգով տեղի է ունեցել Հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում Հանձնաժողովը որոշել է հաստատել մասնագիտական ընկերության ընտրությունը՝ հօգուտ Linklaters ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)։ Ընկերության կողմից իսպանական դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերը ընթացիկ վարույթներում պաշտպանելու նպատակով մատուցվող ծառայությունների արժեքը կազմում է 420,000 եվրո։

Հարկ է նշել, որ Ընկերությունն իր ներկայացրած գնառաջարկում ներկայացրել է 50,000 եվրոյի չափով կանխավճարի պահանջ։ Բացի այդ, փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումը նախատեսվում է կատարել յուրաքանչյուր ամիս ընկերության ներկայացրած հանձնման-ընդունման արձանագրությունների և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2020թ. ընթացքում վճարումները ժամանակին ապահովելու նպատակով հատկացնել 420,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

--00—ԼՄ