Թատերական գործիչները ներկայացումները վերսկսելու համար կդիմեն ԿԳՄՍ նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

մշակույթ

Թատերական գործիչները որոշել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները անվտանգության բոլոր նորմերը պահպանելով վերսկսելու համար:

Որոշումը կայացվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 8-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում:

Նիստի ընթացքում թատերական գործիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսել են իրենց թատրոններում այս պահին կատարվող աշխատանքների մասին:
 

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է, որ, համաճարակով պայմանավորված, պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործական կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել: Ղազանչյանը շեշտել է, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոններն, անշուշտ, իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ, բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ: 

--0--ԿԿ