Հայկ Մարությանը «ընդհատակից» է գործում․ ո՞ւմ ձեռքով է ամեն ինչ կատարվում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Հայկ Մարության

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել եւ քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչեւ 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների եւ առանձնատների գույքահարկը: Ընդ որում` այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե:

Այսինքն` Երեւանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույաքահարկի գումարները մտնելու են Երեւանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ:

Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք այն փոխելու առաջարկությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով հատկապես երեւանցիների դժգոհությունները:

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է. «Երեւան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները եւ/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երեւանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երեւանաբնակների ուսերին: Ուղղակի դա անում է ոչ թե իր դեմքով` երեւանցիների դեմ դուրս գալով, այլ իր ենթակաների ու ԱԺ պատգամավորների ձեռամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ