Մանվել Գրիգորյանի վիճակն այլևս չի կարող դրական լինել․ իրավական գործընթացներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա կա, ներկայումս միայն կոնսերվատիվ բուժում է ստանում։ Նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ նա լավագույն բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց որևէ դրական տեղաշարժ չի նկատվել, արդյունքում Գրիգորյանը դարձել է անդամալույծ։

«Գրիգորյանի ուղեկցող հիվանդություններն արդեն ավելի վտանգավոր են դառնում, սա էր նաև պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ նա սրտի կանգ ունեցավ։ Հիվանդությունները ավելանում և վատթարանում են, Գրիգորյանի վիճակն այլևս չի կարող դրական լինել, իսկ Հայաստանի ԲԿ-ներում չի կարող բուժում ստանալ», - ասաց Բաղդասարյանը։ 

Պաշտպանը հայտնեց, որ Առողջապահության նախարարությանը պահանջ են ներկայացրել, որ եղած էպիկրիզները հիմք ընդունելով որոշում ստանան Գրիգորյանի բուժումը Ֆրանսիայում իրականացնելու։ Նա նշեց, որ ներկայումս իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ։
 
Պաշտպանը նաև հայտնեց, որ երեկ է տեսակցել Մանվել Գրիգորյանին, վերջինս 24-ժամյա ռեժիմով վերակենդանացման սարքավորումներին է միացված, բացառապես խնամակալների ներկայությամբ է անցկացնում օրը։ 

«Գիտակցությունը տեղն է, ուղղակի նրա հետ մի քիչ զրուցելուց հետո որոշակի բժշկական միջամտության կարիք է զգում, որը ստանալուց հետո կրկին կարողանում է զրուցել դիմացինի հետ», - հավելեց Լևոն Բաղդասարյանը։ 

--0--ԿԿ