Ի՞նչ պիտի իմանա աշակերտը տարրական, հիմնական, ավագ դպրոցներում. նախարարը ցանկ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

արայիկ

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում «Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում» խորագրով գրառում է արել տարրական, հիմնական ու ավագ դպրոցների մասին: 

«Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն»,- գրել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը դպրոցի անելիքի մասով հետևյալ տարանջատումն է արել.

         «Տարրական դպրոց սովորողը պետք է.

  • ճանաչի իր հայրենիքը, ունենա նախնական գիտելիքներ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին,
  • ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և իմանա պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը,
  • ճանաչի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության նշանակալի օբյեկտները, հոգատար վերաբերմունք ցուցաբերի դրանց հանդեպ:

Հիմնական դպրոց սովորողը պետք է.

  • քննարկի Հայաստանի հիմնախնդիրները՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները,
  • ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ:

Ավագ դպրոց սովորողը պետք է.

  • վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր,
  • վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
  • դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում,
  • իմանա հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում,
  • գիտակցի, որ ինքը հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ է և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում:

Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում», – գրել է նախարարը:

--00—ԼՄ