Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

․

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել է և շպրտվել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

--0--ԱՀ