Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ առաջարկվեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը: Որոշում ընդունվեց, և այն  կտևի 2020 թվականի հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից, մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ:

«Մեր երկրի սահմանադրությամբ նախատեսված է, որ բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը, ավելի արդյունավետ գործիքակազմ չունենք։ Եթե արտակարգ դրությունը չերկարացնենք, մեր հակահամաճարակային կառավարման ամբողջ համակարագը դե յուրե իր ուժը կորցրած կճանաչվի, այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել։ Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ»,- նիստի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանն այս համատեքստում նշեց նաև, որ դեռ նախորդ ամսից որոշում կա, որպեսզի օրենսդրական փաթեթ մշակվի, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով շատ ավելի թեթև կլինի։

Հիշեցնենք, որ համավարակի պատճառով մի քանի ամիս է՝ երկրում արտակարգ դրությունը է սահմանվել: 

Հուլիսի 12-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակների ընդհանուր թիվը 32151 է, ապաքինվել է 232 մարդ, շարունակում է բուժվել 11530-ը: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 19865 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 573 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը՝ 183։

--00—ԼՄ