Ադրբեջանի հերթական արկածախնդրությունն է, անհանգստանալու կարիք չկա. Կոմանդոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

Կոմանդոս

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ կազմակերպված սադրիչ գործողություններին, 24News-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակն անհանգստանալու տեղիք չի տալիս, այս գործողությունները հակառակորդի հերթական արկածախնդրությունն են։

«Ադրբեջանն իր քայլերը կամաց-կամաց է զարգացնում։ Իմ կարծիքով դրանք պարզ են։ Մշտապես դիմում է արկածախնդրության։ Անհանգստանալու կարիք չկա։ Նրանք դեռ սպասում են, պատրաստվում են»,- ասել է Կոմանդոսը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈւԱԶ»-ը, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները:

Այս պահին արդեն պաշտոնապես հայտնի է, որ ադրբեջանական բանակը կորցրել է երեք զինծառայողի, կան բազմաթիվ վիրավորներ։ Հայկական կողմից թեթև վիրավորում են ստացել երկու ոստիկաններ, որոնք մարտական հերթապահություն էին իրականացնում սահմանին։ 

--00—ԼՄ