Երեք կուսակցություններ առաջարկում են վերացնել հավաքների ազատության սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

քաղաքական

Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան»,«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանությանը մասնավորապես առաջարկում է հրաժարվել հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից, դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն եւ տոտալ սահմանափակումը, փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու, կանխել վարակի հնարավոր տարածումը։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն եւ կրել դիմակներ։

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից հիշյալ առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրության անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը, որի շուրջ աշխատանքային խումբը պատրաստվում է քննարկումներ սկսել տնտեսվարողների, շահագրգիռ այլ ուժերի եւ անձանց հետ։

--0--ԿԿ