Աննա Հակոբյանը հորդորում է ադրբեջանցի կանանց և մայրերին դիմել երկրի ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ՝ ադրբեջանցի կանանց և մայրերին հորդորել է կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ

Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր:

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:

Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ՝ հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:

Կանայք, մայրերը և քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ի՞նչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ի՞նչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:

Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու՝ համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետևելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների և ժողովուրդների համար:

Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք:

#Womenforpeace
#Կանայքհանունխաղաղության
#Womenareinspiring
#Womensmotivation
#Womenempowerment»,-գրել է վարչապետի տիկինը:

--00—ԼՄ