Հայկական կողմի զոհերի մասին կեղծ լուրերը տարածում են ադրբեջանցի հաքերները կոտրած էջերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

1

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարում է, որ հայկական կողմի զոհերի մասին կեղծ լուրերը տարածում են ադրբեջանցի հաքերները: Աղբյուրը հարապարակել է նաև այդ կեղծ օգտատերերի անուն-ազգանունները:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա:

Այժմ սոցիալական տարբեր ցանցերում՝ Facebook, VK, Telegram, Tik-Tok, YouТube և այլն, կարող եք հանդիպել օգտահաշիվների, որոնք գրում են հայերեն, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են։

Քանի որ հայ հասարակությունը  մեծապես օգտվում է Facebook-ից, վերջիններս առավել ակտիվ են հենց այդ հարթակում։ Հաքերները ինչպես ֆեյք էջերով, այնպես էլ հայ օգտատերերի կոտրած էջերով, տարածում են կեղծ լուրեր՝ լսարանին ապակողմնորոշելու և խուճապ տարածելու համար։

Նմանօրինակ կեղծ էջերը այժմ տարածում են տեղեկություն, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանականում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը։

Հարկ է նշել, որ, ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմում մարդկային զոհեր չկան։

1

Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության վերարտադրմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք հնարավորինս արագ կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին»,-նշվում է Տեղեկատվության ստուգման կենտրոնի հայտարարությունում։

--00—ԼՄ