Խստորեն դատապարտում ենք սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը․ Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Արցախի ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Վերստին նշում ենք, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները՝ միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայության մասին, Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են և տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործոն։

 Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։  Այս առումով անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին։ Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ապակայունացմանը, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը։ 

--0--ԱՀ