ՀՅԴ-ն կոչ է անում անտարբեր չմնալ թուրք-ադրբեջանական ռազմատենչ վարքագծի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

հյդ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը միջազգային հանրությանը և քաղաքակիրթ մարդկությանը կոչ է անում անտարբեր չմնալ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ:Այս մասին ասված է ԳՄ հայտարարության մեջ:

«Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով այս անգամ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրեր:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտված են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ և հայրենանվեր հակազդման շնորհիվ:

Թուրքիայի Հանրապետությունն անթաքույց հայտնում է իր սատարումն Ադրբեջանի զավթողական գործողություններին՝ հերթական անգամ ապացուցելով  ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը: Դեպի Հայն ու Հայաստանը ուղղված նրանց կույր ատելության դեմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղվող սրբազան պայքարով: Պատմության ընթացքում բազմիցս է ապացուցվել հայրենիքի պաշտպանության հարցում հայոց միասնականությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես միշտ, իր  աշխարհասփյուռ կառույցով վճռականորեն կանգնած է Հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում: Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը չպետք է անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դեպքում` այն կործանարար կլինի ինչպես փխրուն զինադադարի, այնպես էլ տարածաշրջանի համար: Ուստի, դիմելով միջազգային հանրությանը, կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»,-նշված է հայտարարության մեջ:

--0--ԱՀ