Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին:

«Հարգելի պարոն Տեսիե,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին եւ ֆրանսիայի ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ:

Ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքներն ամբողջացնող այս օրը շրջադարձային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Մեզ համար անչափ կարեւոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը եւ բարեկամական հարաբերությունները: Ուստի՝ օգտվելով առիթից, շնորհավորում եմ նաեւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրվելու կապակցությամբ:

Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը նոր թափ կստանա՝ կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը եւ բարեկամական փոխգործակցությունը:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի առթիվ եւ մաղթում բարօրություն եւ համաշխարհային պանդեմիայի՝ COVID-19-ի արագ եւ արդյունավետ հաղթահարում»:

--0--ԿԿ