Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

այա

Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Նիստի օրակարգում է եղել նաև Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշման չեղարկման և տաճարը մզկիթի վերածելու հարցը։

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը․ «Եվրախորհուրդը դատապարտում է Թուրքիայի՝ այս աստիճան խորհրդանշական այդ կառույցը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ որոշումը անխուսափելիորեն կբորբոքի անվստահության մթնոլորտը, կխթանի պառակտումները կրոնական համայնքների միջև և մեծ վնաս կհասցնի մեր երկխոսության ու համագործակցության ջանքերին», - նշել է նա։

Բորելը հավելել է նաև, որ ԵՄ ատրգործնախարարները համակարծիք են և աջակցում են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը չեղարկելու իրենց կոչին։

Նիստի ընթացքում արձանագրվել է նաև, որ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից բնական գազի որոնողական աշխատանքները ապօրինի են։ Թուրքիան նաև մեղադրվել է ՄԱԿ-ի զենքի էմբարգոն խախտելու և Լիբիային զենք մատակարարելու մեջ։

Անդրադառնալով ԵՄ նիստին՝ Գերմանիայի «Քրիստոնյա–դեմոկրատական միության» (CDU) ներկայացուցիչ Նորբերթ Ռյոթգենը նշել է, որ Թուրքիայի ու Եվրամիության միջև ժողովրդավարության և իրավական պետության հետ առնչվող որևէ ընդհանուր կապ այլևս չի մնացել, կողմերը միայն փոխադարձ ռազմավարական շահեր ունեն։

--00—ԼՄ