Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

խաչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։

Ըստ ԿԽՄԿ-ի՝ նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։

ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։

«Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», – նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը, ապա հավելել, որ պատրաստ են հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին։

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։

Բացի դրանից՝ ԿԽՄԿ-ն աշխատանքներ է իրականացնում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը։

--00—ԼՄ