Դատախազությունը՝ խոշտանգման դեպքերով նախնական քննությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

դատախազություն

Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից:

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի քննության ընթացքում խոչընդոտվում է քննության օպերատիվության, բազմակողմանիության, արդյունավետության ապահովումը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով 2020թ. հունվարի 8-ին հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունց պարզվել է, որ այլ քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը իր լիազորություններն իրականացնելիս, հայտնաբերելով ենթադրյալ հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ, մասնավորապես՝ ունենալով դատական նիստի ժամանակ մեղադրյալի և նրա պաշտպանի կողմից արված՝ մեղադրյալի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունները, այդ ուղղությամբ շուրջ չորս ամսվա ընթացքում պատշաճ միջոցներ չի ձեռնարկել:

Տվյալ դեպքում հանցագործության հետքերի և ապացույցների կորստից հնարավոր է եղել խուսափել միայն ձերբակալելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում անձին բուժզննության ենթարկելու, շտապօգնության բրիգադներ կանչելու և նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ստանալու արդյունքում: Այսինքն՝ անձի չձերբակալվելու դեպքում վերջինիս առողջական վիճակի և մարմնական վնասվածքներ ունենալու կամ չունենալու վերաբերյալ դեպքից ամիսներ անց եզրահանգում անելու որևէ հիմք չէր լինեու:

Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները և այլևս հնարավոր չի լինում նրանց անջատ և օպերատիվ հարցաքննել: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները նման դեպքերում հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ Արդյունքում՝ հարցականի տակ է դրվում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու հնարավորությունը, վտանգվում է նման դեպքերով արագ և մանրամասն քննության՝  Եվրոպական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած բազմաթիվ որոշումներում արտահայտված  արդյունավետության չափանիշի կենսագործումը:

Այդ չափանշներից են իրավասու մարմինների կողմից պատշաճ արագությամբ գործելը, գործով ապացույցներն ապահովելու համար մանրամասն քննություն կատարելը, քննությանը տուժողի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելը և այլն:

Ելնելով այս չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք  ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով:

ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։

--0--ԱՀ