Հիմա կենաց ու մահու պայքար է․ մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար․ Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Միքայել Մինասյան

Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը, ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։

Հետո, իհարկե, կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, ինչու առաջին անգամ Ադրբեջանը հանդգնեց այս ուժգնության ռազմական ագրեսիայի դիմել հայ-ադրբեջանական սահմանին, ինչու ՀԱՊԿ-ը կրկին կրավորական կեցվածք ընդունեց, ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին։

Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան։

Այս հարցերը տալու և պատասխանները ստանալու ժամանակը կգա։ Հիմա այդ պահը չէ։ Հիմա կենաց ու մահու պայքար է։ Ու մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը և ոգին։

Նահանջի տեղ չկա։

Հ.Գ. Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին։ Նրանց գործն արդար է», - գրում է նա։

--0--ԱՀ