ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով աճող բռնությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

1

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման հաղորդագրություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով:

«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով աճող բռնությամբ և կոչ եմ անում նախքան նոր մարդկային կորուստները անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ և փորձում են կայունացնել իրավիճակը:

Ռաման նաև հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապ է հաստատվել 2019 թվականի մարտին Վիեննայում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ, և հույս հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել իրավիճակի դեէսկալացիայի համար։

«Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության հումանիտար ազդեցությունը և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները», - ասել է Ռաման, ապա նաև զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին:

--00—ԼՄ