Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին պաշտոնական տեղեկություն չկա. որոնվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

հասարակական

«Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանի որոնողական աշխատանքներից որևէ արդյունք չկա։ Չգիտենք՝ որքանով է ճիշտ, բայց, ադրբեջանական կայքերից մեկում հրապարակված տեղեկություններով, Նարեկ Սարդարյանը Ադրբեջանում է, սակայն սա պաշտոնական տեղեկություն չէ», - այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։ 

Զարգարյանն ասաց, որ կորած քաղաքացու հարազատների հետ մշտական կապ են պահպանում, վերջիններս, իհարկե, անհանգստացած են, ուզում են հնարավորինս շուտ գտնել Նարեկ Սարդարյանին։

Տեղեկացնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում տղամարդը ներկայանում է որպես Նարեկ Սարդարյան և պատմում, թե ինչու է հատել սահմանը։ Նա տեսանյութում խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։

Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10։00-ից հետո գնացել է անասունների հետևից և չի վերադարձել։ 

24News-ը զրուցել էր Սարդարյանի հարազատներից մեկի հետ, որը պատմել էր, որ մտավախություն ունեն, որ հենց ադրբեջանցիներն են գողացել Սարդարյանին․

«Կասկածներ ունենք, որ նրան գողացել են ադրբեջանցիները, հատել է սահմանն առանց իմանալու։ Մտավախություն ունենք, որ հնարավոր է, հասել է ադրբեջանցիների մոտ, Նախիջևանում է։ Նա և մյուս անասնապահները 10-15 օր է, ինչ անասուններին այդ տարածքներում էին պահում։ Բոլոր գյուղացիները մասնակցել են որոնողական աշխատանքներին, ոչինչ չեն գտել, բայցի անասուններից, որ անտեր էին մնացել, բերել, տեղավորել են, հետո էլի սկսել որոնել։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին չի կարող սեփական հողում հանգիստ ապրել», - մեզ հետ զրույցում պատմել էր Սարդարյանի հարազատը։ 

Նարեկ Սարդարյանի ընտանիքը դիմել է Կարմիր խաչին, սակայն դեռևս պաշտոնական տեղեկություններ չի ստացել նրա գտնվելու վայրի մասին։ 

ԱԱԾ-ից 24News-ին հայտնեցին, որ աշխատանքներ են իրականացնում կորած քաղաքացու գտնվելու վայրը ճշտելու ուղղությամբ։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ