Մամեդյարովին կփոխարինի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը. նոր նշանակում՝ Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

1

Ադրբեջանի արտաքին գործերի երկարամյան նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնապես հրաժարական տվեց: Նրան այդ պաշտոնում կփոխարինի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած սադրանքից հետո նախագահ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննադատել էր գործող պաշտոնյաներին: 

Սահմանային առաջին սադրանքը հակառակորդը ձեռնարկել էր հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։

Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

Հուլիսի 15-ին սահմանին համեմատական անդորր էր: Հուլիսի 16-ի գիշերը հրետակոծությունը գյուղական բնակավայրերի վրա վերսկսվել է: Հայկական կողմը չունի զոհեր, ադրբեջանական կողմը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ունի:

--00—ԼՄ