Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջւանի համար։

Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով»,- գրել է նա: